Առողջապահություն 1.2010
Հոբելյանական տարեթվեր
1735թ., 275 տարի առաջ, Նոր Ջուղայում ծնվել է XVIII դարի ճանաչված բժիշկ Պետրոս Քալանթարյանը: 1751թ. մեկնել է Ռուսաստան, մինչև 1760թ. ապրել Աստրախանում:
Այնուհետև տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ընդունվել է հոսպիտալային դպրոց (հետագայում` ռազմաբժշկական ուսումնարան), որը հիմնականում պատրաստում էր բժիշկներ ռուսական բանակի և ռազմածովային նավատորմի համար: 1764թ. ավարտել է դպրոցը և մինչև 1773թ. ծառայել որպես գնդի բժիշկ, մասնակցել մարտական գործողությունների, ապա թողնելով զինվորական ծառայությունը, մեկնել է Մոսկվա, որտեղ երկար տարիներ զբաղվել է բժշկական մասնավոր գործունեությամբ, ձեռք բերել փորձ և հմտություն: Հետագայում` 1789թ., ավելի քան 25-ամյա գործունեությունից հետո Մոսկվայում գրել է «Համառոտ բժշկարան» հայտնի աշխատությունը, որը հրատարակվել է 1793թ., Նոր Նախիջևանում: Դա հայկական առաջին տպագիր բժշկարանն է: Քալանթարյանի մահվան տարեթիվն անհայտ է:
1815թ., 195 տարի առաջ, Թիֆլիսում ծնվել է ախտաբան Դավիթ Ռոստոմյանը: 1840թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, վերադարձել Անդրկովկաս և Բաքվում աշխատել որպես բժիշկ: 1843թ. մասնակցել է Շամախիում բռնկված խոլերայի դեմ պայքարին: 1859-ից մինչև կյանքի վերջն աշխատել է որպես նահանգային բժիշկ: Զբաղվել է նահանգի բժշկատեղագրական և սանիտարական վիճակի ուսումնասիրությամբ: Մեծ նշանակություն է տվել կենցաղի բարելավմանը, հիվանդածին գործոնների դեմ պայքարին, օրգանիզմի կոփմանը: Զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ: 1864թ. հիմնել է Հայոց մարդասիրական ընկերությունը, որի նպատակն էր բնակչության շրջանում ծավալել կուլտուր-լուսավորչական և հասարակական գործունեություն: Հեղինակ է մի շարք աշխատությունների: Դ.Ռոստոմյանը իր ժամանակի ճանաչված բժիշկներից մեկն էր: Մահացել է 1868թ., Բաքվում:
1815թ., 195 տարի առաջ, Կոստանդնուպոլսում ծնվել է անվանի բժիշկ և հասարակական գործիչ Սերվիչենը (Սերովբե Վիչենցյան): 1834թ. ընդունվել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Ավարտելուց մեկ տարի առաջ տեղափոխվել է Պիզա (Իտալիա), որտեղ 1840թ. բժշկի կոչում ստանալուց հետո վերադարձել է Փարիզ և 2 տարի կատարելագործվել որպես ուրոլոգ: Որոշ ժամանակ աշխատել է Անգլիայի և Իտալիայի բժշկական ուսումնական հաստատություններում: 1842թ. վերադարձել է Կ.Պոլիս, որտեղ արագ ձեռք է բերել մեծ հեղինակություն: 1846-ից, շուրջ 30 տարի, Կ.Պոլսի բժշկական դպրոցում ղեկավարել է դատական բժշկության ամբիոնը և դասավանդել ներքին հիվանդություններ առարկան: Եղել է Պոլսի բժշկական ընկերության հիմնադիրներից մեկը, քաղաքային բժշկական բարձրագույն խորհրդի նախագահը, Ազգային ժողովի անդամ, ուսումնական խորհրդի ատենապետ, մասնակցել է ազգային սահմանադրության մշակմանը: Բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է: Ծառայությունների համար թուրքական կառավարության կողմից արժանացել է պարգևների և մեծարման, իսկ 1888թ. նրա անունը մտել է նշանավոր մարդկանց ֆրանսիական համաշխարհային հանրագիտարանի մեջ: Մահացել է 1897թ., Կ.Պոլսում:
1825թ., 185 տարի առաջ, Ադրիանապոլսում ծնվել է վեներաբան, բժշկության դոկտոր, պրոֆեսոր Հովսեփ Բեյրանը: 1844թ. ընդունվել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Դեռևս ուսանողական տարիներին զբաղվել է գիտական աշխատանքով: 1850թ. պաշտպանել է ատենախոսություն և ստանալով բժշկական դոկտորի վկայական, մեկնել Կ.Պոլիս: Աշխատել է որպես վիրաբույժ և վեներաբան ծովային զինվորական հոսպիտալում, ապա Սուրբ Փրկիչ հայկական ազգային հիվանդանոցում: 1854թ. ընտրվել է Փարիզի թուրքական դեսպանատան բժիշկ: 1858թ. նրան շնորհվել է Պատվո լեգիոնի ասպետի շքանշան: Նույն թվականին ընտրվել է Պոլսի կայսերական բժշկական ընկերության թղթակից անդամ, 1862 և 1864թթ.` Փարիզի 2 բժշկական ակադեմիաների անդամ: Հեղինակ է մի շարք արժեքավոր գիտական աշխատությունների: 1864թ. ընտրվել է բժշկական ֆակուլտետի պրակտիկ դպրոցի ՙազատ պրոֆեսոր՚: Նրա կողմից առաջարկվել է միզկահատ գործիք (ուրետրոտում) և վեներական հիվանդությունների դեմ դեղապատրաստուկ, որը մտել է ֆրանսիական ֆարմակոպեայի մեջ: Մահացել է 1866թ.:
1835թ., 175 տարի առաջ, Կոստանդնուպոլսում ծնվել է անվանի վիրաբույժ և հասարակական գործիչ Միքայել Խորասանջյանը: 1859թ. ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը և վերադարձել Կ.Պոլիս: Սկզբնական շրջանում զբաղվել է մասնավոր պրակտիկայով: 1866թ. ընտրվել է կայսերական բժշկական ընկերության անդամ: 1873-1902թթ. դասավանդել է Պոլսի բժշկական բարձրագույն դպրոցում: Հեղինակ է տպագիր և ձեռագիր մի շարք բժշկական տեղեկագրերի և հոդվածների: Զբաղեցրել է պետական կարևոր պաշտոններ, եղել է սուլթան Համիդի պալատական վստահելի բժիշկը: Հանդիսացել է բազմակողմանի զարգացած, ժամանակի առաջադեմ բժիշկներից մեկը, տիրապետել է մի քանի օտար լեզուների: Մեծանուն բժիշկը նաև ակտիվ ազգային և հասարակական գործիչ էր: Մահացել է 1903թ., Կոստանդնուպոլսում:
1865թ., 145 տարի առաջ, Երևանում ծնվել է ճանաչված վիրաբույժ Հովհաննես Հովհաննիսյանը: 1891թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Երկու տարի աշխատել է Մոսկվայի նահանգի հիվանդանոցում, ապա տեղափոխվել է Հայաստան: Սկզբնական շրջանում վիրաբույժ է աշխատել Ղամարլու գյուղի հիվանդանոցում, իսկ 1895-ին նշանակվել է Երևանի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ և աչքի հիվանդությունների ու վիրաբուժական բաժանմունքների վարիչ: 1899-ին կատարելագործվել է Մոսկվայում, իսկ 1904-ին` Եվրոպայում: 1911թ. Երևանում բացել է սեփական 10-մահճակալանոց վիրաբուժական հիվանդանոց և նրան կից` ամբուլատորիա: Եղել է նաև ակտիվ հասարակական գործիչ: Վարել է դպրոցական բժշկի պաշտոնը, ղեկավարել Կովկասի հայոց բարեգործական ընկերության Երևանի բաժանմունքը, քաղաքների միության Երևանի կոմիտեի բժշկական բաժինը, որպես ընկերության վարչության անդամ զգալի աշխատանք կատարել Երևանի բժշկական ընկերության գործունեության ծավալման ուղղությամբ: Մահացել է 1935թ., Երևանում:
1865թ., 145 տարի առաջ, Թիֆլիսում ծնվել է ճանաչված մանկաբույժ, բ.գ.դ., Վրաստանի գիտության վաստակավոր գործիչ Ներսես Ումիկովը: 1891թ. ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Երեք տարի աշխատել է նույն համալսարանի հիգիենայի ամբիոնում: Ներքին գործերի նախարարությունում ծառայել է որպես կրտսեր բժիշկ, ապա կատարելագործվել Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում: Մասնակցել է համաճարակների դեմ մղվող պայքարին Վրաստանում, Վիտեբսկում և Ֆինլանդիայում: 1895թ.պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը: Երկու տարի անց տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ ապրել և աշխատել է մինչև կյանքի վերջը: Ողջ էությամբ նվիրվել է մանուկների բուժման գործին: Նրա ջանքերի շնորհիվ Վրաստանում ստեղծվել է ՙԲելայա ռոմաշկա՚ հակատուբերկուլոզային ամբուլատորիան և առաջին մանկական հիվանդանոցը: Այդ հիվանդանոցի բազայի վրա հետագայում հիմնադրվել է Թբիլիսիի բժշկական ինստիտուտի մանկական հիվանդությունների կլինիկան: Արժեքավոր մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է: Մահացել է 1956թ., Թբիլիսիում:
1870թ., 140 տարի առաջ, Կեսարիայում ծնվել է ճանաչված բժիշկ-ռենտգենաբան Միհրան Ղասաբյանը: 1887թ. ավարտել է «Արգեոս» բարձրագույն վարժարանը և դասավանդել հայկական դպրոցներում: 1894-1898թթ. սովորել և ավարտել է Ֆիլադելֆիայի (ԱՄՆ) բժշկավիրաբուժական քոլեջը: Որպես զինվորական բժիշկ մասնակցել է իսպանաամերիկյան պատերազմին: 1903-ից աշխատել է Ֆիլադելֆիայի հիվանդանոցում: Մշակել է չարորակ ուռուցքների ռենտգենյան ճառագայթներով բուժման եղանակ: Նրա ջանքերի շնորհիվ քոլեջում սկսել են դասավանդել «ռենտգենաբուժություն» նոր առարկան, իսկ մեկ տարի անց ստեղծվել է նույնանուն ամբիոնը, որտեղ ինքն է կարդացել առաջին դասախոսությունները: Մեծ ճանաչում է ստացել, երբ ԱՄՆ նախագահ Մակ-Քինլիի դեմ կատարված մահափորձից հետո իր սարքով նրա ողնաշարում հայտնաբերել է երկու գնդակ: 1904թ. ընտրվել է Ֆիլադելֆիա քաղաքի բժիշկների միության նախագահ, 1907-ին` Նյու Յորքի բժշկական միության առաջին նախագահ: Մի շարք արժեքավոր աշխատությունների, այդ թվում` դասագրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են եվրոպական բազմաթիվ լեզուներով: իտնականը դարձել է իր մասնագիտության զոհը` 1910թ. մահացել է ռենտգենյան ճառագայթներից ստացված այրվածքներից:
1870թ., 140 տարի առաջ, Շուշիում ծնվել է առողջապահության կազմակերպիչ և պետական գործիչ Սարգիս (Սաքո) Համբարձումյանը: 1909թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Ակտիվորեն մասնակցել է սոցիալ-դեմոկրատական կազմակերպության աշխատանքներին, որի համար երկու անգամ պարգևատրվել է: 1910-1917թթ. Շուշիում զբաղվել է բժշկությամբ: Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Ղարաբաղում տարել է պետական ու կուսակցական աշխատանքներ: 1921թ. նշանակվել է ՀԽՍՀ առողջապահության ժողկոմ: 1922թ. ընտրվել է Հայաստանի Կենտգործկոմի նախագահ, 1925-1929թթ.` ժողկոմխորհի նախագահ: 1929-1944թթ. աշխատել է Մոսկվայում: Եղել է ՀԿԿ ԿԿ բյուրոյի և Անդրֆեդերացիայի կենտգործկոմի անդամ: Մահացել է 1944թ., Մոսկվայում:
1880թ., 130 տարի առաջ, Ադրբեջանի Ելիզավետպոլ քաղաքում ծնվել է թերապևտ, առողջապահության հմուտ կազմակերպիչ Սիմեոն Լազարևը: 1906թ. ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը և մի քանի տարի աշխատել Բաքվում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է գործող բանակում որպես զինվորական բժիշկ: Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Ալեքսանդրապոլում: 1922թ. նշանակվել է Հայաստանի առողջապահության ժողկոմ: Այդ պաշտոնում դրսևորել է իրեն որպես առողջապահության տաղանդավոր կազմակերպիչ: Կարճ ժամկետում ստեղծվել է առժողկոմատի ղեկավար ապարատ, գավառների գործկոմների առբաժիններ, ապահովել դրանք բժիշկ մասնագետներով: Նրա ջանքերի շնորհիվ Հայաստանում ստեղծվել են բուժկանխարգելիչ- բժշկագիտական մի շարք հիմնարկներ, մեծ թափ է ստացել առողջարանային շինարարությունը: 1928թ. տեղափոխվել է Մոսկվա, զբաղեցրել տարբեր պաշտոններ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերություններում: Մինչև 1937թ. նա բժշկական մեծ հանրագիտարանի խմբագրական կոլեգիայի անդամ էր: 1937-1955թթ. եղել է աքսորում, ապա արդարացվել է: Մահացել է 1959թ.: Նրա անունով է կոչվում Արզնու N1 առողջարանը:
1880թ., 130 տարի առաջ, Շուշիում ծնվել է ֆթիզիատոր, բ.գ.դ. Գրիգոր Սաղյանը: Ավարտել է Բեռլինի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որոշ ժամանակ աշխատել է տեղի կլինիկաներում, ապա պաշտպանել դոկտորական ատենախոսություն: 1909թ. տեղափոխվել է Բաքու և աշխատել տարբեր հիվանդանոցներում: 1918թ. եկել է Հայաստան: Զբաղեցրել է որբանոցային գործերի և գաղթականների ու որբերի տեղավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 1921թ. տեղափոխվել է Դիլիջան, որտեղ զբաղվել է տուբերկուլոզով հիվանդների բուժման գործով, հիմնել մանկական տուբերկուլոզային առաջին դիսպանսերը: 1923-1924թթ. աշխատել է որպես Աբասթումանի հակատուբերկուլոզային առողջարանի տնօրեն: Նրա նախաձեռնությամբ ու մասնակցությամբ Դիլիջանում սկսել են գործել երկու առողջարաններ, շահագործման է հանձնվել II հակատուբերկուլոզային հիվանդանոցը, որը 1965-ից կրում է նրա անունը: Երևանում կազմակերպել և ղեկավարել է հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր ԳՀ ինստիտուտը և Նորքի մանկական առողջարանը: Անվանի բժիշկ-գիտնականը 1937թ. դարձել է ստալինյան ոճրագործությունների զոհ:
1885թ., 125 տարի առաջ, Շուլավերում ծնվել է բ.գ.դ, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արտաշես Մելիք-Ադամյանը: 1911թ. ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը և աշխատել նույն համալսարանի կլինիկայում որպես օրդինատոր, ապա` ամբիոնի ասիստենտ: 1925թ. հրավիրվել է Երևան և նշանակվել պետհամալսարանի բժշկական ֆակուլտետի ֆակուլտետային թերապիայի ամբիոնի վարիչ: 1936-1937թթ. եղել է Երևանի բժշկական ինստիտուտի պրոռեկտորը: 1937թ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը: 1944թ. նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ հիմնադրվել է ԱՆ գիտաբժշկական խորհուրդը, որի գործունեությունը ղեկավարել է մինչև կյանքի վերջը: Մեծ ծառայություններ է մատուցել Հայաստանի բուժավայրերի և հանքային ջրերի ուսումնասիրության գործում, բժշկագիտության, կադրերի պատրաստման գործում: Նրա անունով է կոչվել Երևանի կենտրոնական փողոցներից մեկը և քաղաքային N1 կլինիկական հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքը: Մահացել է 1949թ., Երևանում:
Կարդացեք նաև
Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ հոգաբարձուների խորհրդի հունվարյան նիստի օրակարգում նոր նախագահի ընտրության և կատարված ու կատարվելիք աշխատանքների հաշվետվության հարցերն էին...
Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
Պատմական ակնարկ
Որպես ցավազրկող միջոց, մեթադոնը հայտնագործել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը, Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին...
Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաներն առաջանում են, եթե հղիության ընթացքում կինն օգտագործում է էթիլալկոհոլ (էթիլսպիրտ` C2H5OH): Պտղի ալկոհոլային համախտանիշն առաջին անգամ նկարագրել է Լեմոինը (Lemoine Portal, 1968թ.)...
2009 թվականի դեկտեմբերի 8-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ) հիմնադրման 20-ամյակին նվիրված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանսը...
2005թ. Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին` պատասխանատվություն ստանձնելով դառնալ եվրոպական բարձրագույն կրթական կազմավորվող տարածքի մի մասը...
Բնության հակասությունները մեր կողմից դեռևս չբացահայտված օրինաչափություններ են:
Հակասության ազդեցությունից կարելի է խուսափել, եթե նրա ծագման պատճառներին տիրապետելու միջոց գտնես...
Հասարակական և գրական աշխարհում` բազում գրքերում, հանդէսներում եւ առանձին յօդուածներում հանդիպում ենք բժշկագիտութեան թեկնածու, հոգեբոյժ, թմրաբոյժ, բանաստեղծ, ազգագրագէտ, մանկավարժ, հասարակական գործիչ...
Թոքերի քաղցկեղից աշխարհում տարեկան մահանում է 1,3 մլն մարդ, քանի որ հիվանդությունը հաճախ ուշ է ախտորոշվում, երբ հաջող բուժման շանսերն այդ փուլում կտրուկ նվազած են լինում...
Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց ուռուցքային հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը: Ամեն տարի այն 250000 մարդու կյանք է խլում: Ամերիկացի գիտնականների կարծիքով դրա պատճառը, հավանաբար, մկների լեյկոզն է...
Հոգեբույժ Հարություն Մինասյանի «100 ՀԱՅ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐ» շարքի Ա, Բ գրքերը (2002, 2004, 2005) ջերմորեն ընդունվեցին մասնագետների կողմից, ինչը խթան հանդիսացավ հեղինակի համար գրելու նաև այս` թվով Դ գիրքը...
Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...
Յուրատեսակ պայմաններում գոյանում են պզուկների նաև այլ ձևեր (նորածնային, կայծակնային, քլորային, դեղային, յուղային, արևային և այլն)...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն